- Գլխավոր էջ
- ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ
- ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
Լիազոր ներկայացուցչի գործառույթները մինչև Եվրոպական դատարանի կողմից որոշում կամ վճիռ կայացնելը
- Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված գանգատների կապակցությամբ Եվրոպական դատարանի հարցման հիման վրա Դատարան է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումը,
- մինչև Եվրոպական դատարանում գործի քննությունը, ինչպես նաև գործի քննության ողջ ընթացքում, պետական իրավասու մարմինների հետ խորհրդակցելուց հետո, գանգատ ներկայացրած կողմի հետ վարում է բանակցություններ` հաշտության համաձայնության (բարեկամական կարգավորման) ձևով խնդրի լուծման նպատակով,
- Եվրոպական դատարանում գործի քննության ընթացքում հանդես է գալիս հրապարակային միակողմանի հայտարարությամբ,
- Եվրոպական դատարանի նախագահին ներկայացնում է դատարանի պալատում կամ մեծ պալատում գործի քննությանը երրորդ կողմ ներգրավվելու խնդրանք, ինչպես նաև, որպես երրորդ կողմ, դատարանին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումը,
- Եվրոպական դատարանում (ինչպես գրավոր ընթացակարգով գործի քննության, այնպես է հրապարակային լսումների ընթացքում) պաշտպանում է Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը,
- Եվրոպական դատարան ներկայացված գանգատների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումը նախապատրաստելու նպատակով կարող է`
ա. ստեղծել աշխատանքային խումբ, որի կազմում կարող են ներգրավվել փորձագետներ, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև մասնագետներ գիտական կամ այլ հաստատություններից,
բ. պահանջել և ստանալ անհրաժեշտ տեղեկություններ ու փաստաթղթեր, ինչպես նաև այլ անհրաժեշտ աջակցություն պետական մարմիններից (այդ թվում` Հայաստանի Հանրապետության դատարաններից, նախարարություններից, կառավարությանն առընթեր մարմիններից), տեղական ինքնակառավարման մարմիններից, գիտական կամ այլ հաստատություններից:
Լիազոր ներկայացուցչի գործառույթները Եվրոպական դատարանի որոշման կամ վճռի կատարման փուլում
- մշակում է Եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ որոշման կամ վճռի կատարմանն ուղղված համապարփակ մեխանիզմներ,
- Եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ որոշման կամ վճռի կատարման ընթացքում կազմում է գործողությունների ծրագրեր և հաշվետվություններ ու դրանք ներկայացնում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի քննարկմանը,
- ապահովում է Եվրոպական դատարանի որոշման կամ վճռի կատարման շրջանակներում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեից ստացած հարցումների կատարումը,
- ներկայացնում է առաջարկություն Եվրոպական դատարանի վճռով սահմանված արդարացի փոխհատուցման գումարների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումը Եվրոպական դատարան պատշաճ ներկայացնելու համար անհրաժեշտ ծախսերի կատարման վերաբերյալ,
- ապահովում է Եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճիռների հայերեն թարգմանությունը և հրապարակումը:
Լիազոր ներկայացուցչի գործառույթները մարդու իրավունքների եվրոպական չափանիշների ներդրման ոլորտում
- Եվրոպական դատարանի որոշման կամ վճռի հիման վրա ներկայացնում է առաջարկություններ Հայաստանի Հանրապետության օրենքներում կամ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու կամ նոր իրավական ակտեր ընդունելու վերաբերյալ,
- ներկայացնում է խոշտանգումների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի՝ Հայաստանի վերաբերյալ զեկույցների պահանջների կատարմանն ուղղված առաջարկներ,
- Եվրոպական դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ կայացված վճիռների և որոշումների ուսումնասիրության արդյունքում միջոցներ է ձեռնարկում կրկնվող խախտումների վերացման և կանխարգելման ուղղությամբ,
- իր իրավասության սահմաններում համագործակցում է ուսումնակրթական հաստատությունների, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան ստորաբաժանումների հետ՝ վերջիններիս ուսումնական և վերապատրաստման ծրագրերում Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ներառման նպատակով,
- իր իրավասության սահմաններում համագործակցում է միջազգային և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ,
- ուսումնասիրում է համապատասխան ոլորտների իրավական պրակտիկան և, անհրաժեշտության դեպքում, հանդես գալիս դրա բարելավման և մարդու իրավունքների միջազգային ու եվրոպական իրավական չափանիշներին համապատասխանեցման վերաբերյալ առաջարկություններով:
Լիազոր ներկայացուցչի այլ գործառույթներ
- համագործակցում է Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության հետ և իր իրավասության սահմաններում կարող է պահանջել ու ստանալ անհրաժեշտ տեղեկություններ,
- պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին կարող է ներկայացնել Եվրոպական դատարանում գանգատների քննության կապակցությամբ անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ և այլ օժանդակություն տրամադրելու վերաբերյալ նրանց համար պարտադիր պահանջներ: Դրանք ներկայացուցչին պետք է տրամադրվեն վերջինիս սահմանած ժամկետում,
- կարող է խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերին: