Logo
ECHR

Ելույթներ

Վեբ կայքի շնորհանդեսի ողջույնի խոսք

30.09.2015

 Նախ, շնորհակալություն եմ հայտնում այս միջոցառմանը Ձեր մասնակցության համար: Այն համարում եմ կարևոր, քանի որ այստեղ ներկաներիցս յուրաքանչյուրը մեր կարգավիճակի ուժով կոչված եք նպաստելու մարդու իրավունքների երաշխավորմանը և պաշտպանությանը ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Այսօր մենք ապրում ենք այնպիսի փոխկապակցված աշխարհում, որտեղ իրականում մարդու իրավունքների պաշտպանության համար այլևս սահմաններ գոյություն չունեն:

  Հայաստանի Հանրապետությունը սեփական իրավական համակարգը զարգացնում է՝ հիմքում ունենալով մարդու արժանապատվության գերակայության, նրա իրավունքների և ազատություների իրական պաշտպանության հիմնարար սկզբունքները: Սա ինքնին ենթադրում է համակարգային այնպիսի միջոցառումներ, որոնք ունակ են ապահովելու դրանց լիարժեք իրացումը թե՛ օրենսդրական մակարդակում, թե՛ գործնականում:

  Այս հիմնարար խնդրի լուծմանն առաջին հերթին ուղղված է իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիոն համակարգը: Այդ համակարգը կոչված է ոչ միայն երաշխավորելու անձի իրավունքներն ու հիմնարար ազատությունները, այլ նաև ներդնելու այդ հիմնարար արժեքների դատական պաշտպանության գործուն երաշխիքներ:

  Կոնվենցիոն այս համակարգի բաղկացուցիչ մաս  արդարացիորեն կազմում է Եվրոպական դատարանում պետության ներկայացուցչի ինստիտուտը և դրանով իսկ լրացնում  կոնվենցիայով ստեղծված իրավապաշտպան դատական համակարգը:

  Կառավարության լիազոր ներկայացուցիչը դասական իմաստով իհարկե հանդիսանում է պետության փաստաբանը եվրոպական դատարանում և ըստ այդմ ինչպես ցանկացած փաստաբան պարտավոր է հնարավորինս պաշտպանել պետության շահերը և հնարավորինս հստակ ներկայացնել պետության դիրքորոշումը այս կամ այն հարցով: Սակայն Եվրոպական դատարանում լիազոր ներկայացուցչի պարտականությունները ավելին են քան զուտ ներկայացուցչությունը: Ըստ էության ներգրավված լինելով պետության շահերի պաշտպանությանը եվրոպական դատարանում, լիազոր ներկայացուցիչն ամենաիրազեկ պաշտոնյան է դառնում պետության իրավական համակարգում առկա խնդիրների և միևնույն ժամանակ այդ խնդիրների եվրոպական չափանիշներին համահունչ լուծումների վերաբերյալ: Այս համատեքստում անհրաժեշտ է նկատի ունենալ, որ լիազոր ներկայացուցիչը  Հայաստանի վերաբերյալ ցանկացած վճռից հետո նախանշում է օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի կատարելագործման ուղղությունները, որոնք անհրաժեշտ են եվրոպական դատարանի արձանագրած խախտումները հետագայում բացառելու համար:   

  Սակայն Եվրոպական դատարանի առջև ծառացած բարդ խնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Եվրոպայի խորհրդի կողմից որդեգրվեցին վճիռների կատարման նոր սկզբունքներ: Այդ սկզբունքները տեղ են գտել Ինտերլակենի, Բրայթոնի և, հատկապես, Բրյուսելի հռչակագրերում և ուղղված են սուբսիդիարության սկզբունքի ամրապնդմանը, դատարանի գործունեության, ինչպես նաև դատարանի վճիռների կատարման արդյունավետության բարձրացմանը:

  Այս հռչակագրերի համատեքստում հատկապես կարևորվում է Եվրոպական դատարանում պետությունների կառավարությունների ներկայացուցիչների դերը դատարանի իրավական դիրքորոշումների իրագործման հարցում: Այդ նոր մոտեցումների համաձայն՝ կառավարությունների և նրանց ներկայացուցիչների գործունեությունը չպետք է սահմանափակվի միայն քաղաքացիների գանգատների կապակցությամբ Եվրոպական դատարան դիրքորոշումներ ներկայացնելով կամ դատարանում պետության շահերը պաշտպանելով: Կառավարության ներկայացուցչի դերն այսպիսով շատ ավելին է. այն կոչված է նպաստելու համակարգային առումով երկրում եվրոպական իրավական չափանիշների ներդրմանը: Այս հիմնարար մոտեցումը բխում է իմ կողմից արդեն իսկ նշված հռչակագրերի պահանջներից և կոչվում է կանխարգելիչ մոտեցում: Այն ենթադրում է պետության ներսում այնպիսի համալիր միջոցառումների իրականացում, որոնք կնվազեցնեն Եվրոպական դատարան ներկայացվող գանգատների թիվը: Այդ կերպ հնարավոր կլինի բարձրացնել դատարանի կողմից գանգատների քննության արդյունավետությունը:

  Այս պայմաններում արդարացիորեն կարևորվում է ոչ միայն պետական մարմինների հետ ակտիվ աշխատանքը, այլ նաև համագործակցությունը քաղաքացիական հասարակության, երկրում մարդու իրավունքների ազգային հաստատությունների հետ: Կարևոր է նաև արդյունավետ համագործակցությունը դատական համակարգի և խորհրդարանի հետ:

  Եվ իհարկե, վերը շարադրված նոր մոտեցումների իրացման կարևորագույն սկզբունքներ են համարվում մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային փաստաթղթերի հասանելի լինելը, իսկ դրանցով նախատեսված իրավական պաշտպանության մեխանիզմները՝ մատչելի լինելը: Սա կբարձրացնի իրազեկվածության մակարդակը՝ նպաստելով մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների արդյունավետ գործադրմանը:

  Այս առումով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցչի և նրա աշխատակազմի կայքը կդառնա այն կարևոր գործիքը, որի շնորհիվ էլ ավելի կամրապնդվի պետություն-հասարակություն և հակառակ կապը: Այստեղ տեղադրված են մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները, ինչպես նաև նախատեսված են բացատրական բնույթի մատչելի տեղեկություններ քաղաքացիների՝ Եվրոպական դատարան հասցեագրված գանգատների քննության ընթացակարգերի, այդ հարցում Եվրոպական դատարանում լիազոր ներկայացուցչի դերի, ինչպես նաև Եվրոպական դատարանի վճռի կատարման կանոնների վերաբերյալ:

  Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բարեփոխումների գործընթացի շրջանակներում հատկապես կարևոր է  եվրոպական չափանիշներից բխող այնպիսի լուծումներ ներդնելը, որոնք ունակ են ապահովելու նշածս համակարգային խնդրի ամբողջական լուծումը ոչ միայն օրենսդրական մակարդակում, այլ նաև գործնականում: Այս նպատակներին հասնելու համար մեզ համար հատուկ կարևորություն է ներկայացնում համագործակցությունը ԵԽ Նախարարների կոմիտեի Եվրոպական դատարանի վճիռների կատարման ստորաբաժանման հետ:

  Օրինակ՝ Եվրոպական դատարանի պահանջներով էր պայմանավորված ՀՀ-ում այլընտրանքային ծառայության նոր ինստիտուտի ներդրումը: Մասնավորապես, Բայաթյանն ընդդեմ Հայաստանի գործով 2011թ. վճռում խախտում էր ճանաչվել այն, որ ՀՀ-ն չի նախատեսում զինվորական ծառայությունից բացառություն այն անձանց համար, ովքեր կրոնական համոզմունքների պատճառով չեն կարող ծառայել զինված ուժերում: Այդ վճռի հիման վրա, ՀՀ-ում նախատեսվեց զինվորական ծառայությունից դուրս այլընտրանքային ծառայության հնարավորություն այն նշված կատեգորիայի անձանց համար: Բացի այդ, Հայաստանում ստեղծվել և գործում է համապատասխան միջգերատեսչական հանձնաժողով: Եվրոպական դատարանի այս վճռով սահմանված պահանջների կատարման գնահատման արդյունքում ԵԽ նախարարների կոմիտեի Եվրոպական դատարանի վճիռների կատարման վերահսկողության ստորաբաժանման կողմից այդ գործն այս տարի փակվեց:

  Այս ամենով հանդերձ, ուշագրավ են տվյալները Եվրոպական դատարանի դատական իրավազորությունն ընդունելուց ի վեր Հայաստանի դեմ ներկայացված գանգատների և դրանց կապակցությամբ կայացված վճիռների վերաբերյալ: Մասնավորապես, Եվրոպական դատարանի կողմից վարվող հաշվառման տվյալների համաձայն ՝ 2002 թվականից 2014 թվականի սեպտեմբերի դրությամբ Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարան է ներկայացվել ավելի, քան 2000 գանգատ:

  2015 թվականի սեպտեմբերի 28-ի դրությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացրել է 57 վճիռ:

  Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ Եվրոպական դատարանի ընդունած վճիռներով դիմումատուների կողմից 2015 թվականի սեպտեմբերի 28-ի դրությամբ ներկայացվել է ընդհանուր շուրջ 15 միլիոն եվրոյին համարժեք փոխհատուցման պահանջ, որից բավարարվել է շուրջ 806 հազար եվրոն, այսինքն` ընդհանուր պահանջի շուրջ 5,4%-ը։ Բավարարված գումարից 306,000 եվրոն, այսինքն` բավարարված ընդհանուր գումարի շուրջ 38%-ը,  վճարվել է ոչ պետական բյուջեի միջոցների հաշվին։

  Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ ընդգծել, որ բոլորիս համատեղ ջանքերով է միայն հնարավոր մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության բարդ խնդրի իրացումը և Եվրոպական դատարանի իրավական չափանիշների ներդրումը:  Շնորհակալություն եմ հայտնում արդյունավետ համագործակցության և այս կայքի  շնորհանդեսի միջոցառմանը Ձեր ակտիվ մասնակցության համար:

--------------------------------------------------------

Աղբյուրը` http://prosecutor.am/am/news/6342/

Վատ վերաբերմունքի կանխարգելման ծրագրի ողջույնի խոսք

30.09.2015

  Ողջունում եմ Ձեզ այս կարևոր միջոցառմանը և շնորհակալությունս եմ հայտնում Եվրամիությանն ու Եվրախորհրդին՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի մյուս ձևերի կանխարգելմանն ուղղված ծրագրի մեկնարկի համար: Այս ծրագրի իրականացումը կարևոր նշանակություն ունի, քանի որ կոչված է էլ ավելի ամրապնդելու մեր հասարակությունում մարդու պաշտպանվածությունը ցանկացած տեսակի ֆիզիկական կամ հոգեկան բռնությունից:

  Հանրահայտ փաստ է, որ միջազգային իրավական պրակտիկայում խոշտանգումների և, ընդհանրապես, վատ վերաբերմունքի արգելքն ունի բացարձակ բնույթ և այս կանոնից թույլատրված չէ որևէ բացառություն: Ելնելով համընդհանուր այս արգելքից՝ միջազգային տարբեր կազմակերպություններ, օրինակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն մշակել են իրավական դիրքորոշումների մի ամբողջ համակարգ, որոնք կոչված են ապահովելու մարդու պաշտպանությունն այդ չարիքից, ինչպես նաև այդ հանցանքը կատարածների քրեական պատասխանատվության անվերապահ ենթարկելը:

   Հայաստանի Հանրապետությունն այն երկրներից է, որ ամենաբարձր՝ Սահմանադրության մակարդակով արգելել է խոշտանգումը կամ դրա որևէ դրսևորում:  Խոշտանգման բացարձակ արգելքներ սահմանված են նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում և մի շարք այլ օրենսդրական ակտերում:

   Խոշտանգումների դեմ պայքարի ոլորտում կարևոր նշանակություն ունեցան ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնցով խոշտանգման հանցակազմը համապատասխանեցվեց ՄԱԿ-ի կոնվենցիայի և Եվրոպական դատարանի իրավական չափանիշներին:

  Իհարկե, ցանկացած օրենսդրական բարեփոխում դատապարտված է անհաջողության, եթե չի ապահովվում բարեփոխված օրենսդրական դրույթների լիարժեք և ճիշտ կիրառությունն իրական կյանքում: Այդ իսկ պատճառով մեր երկրում պետք է որդեգրել այնպիսի քաղաքականություն, որը  կապահովի վատ վերաբերմունքի տարբեր ձևերի արգելքի պրակտիկ և իրական կիրառությունը:

  Այս առումով, խոշտանգումների դեպքերի հետագա բացառման տեսանկյունից կարևոր նշանակություն ունի խոշտանգման դեպքերի հայտնաբերումը և դրանց կապակցությամբ արդյունավետ քննության իրականացումը: Պետության պոզիտիվ պարտականությունների շրջանակներում այստեղ հատկապես պետք է ապահովել ընթացակարգային ճիշտ մոտեցումների որդեգրումը: Գործնական լիարժեք կիրառության ճանապարհով անհրաժեշտ է հասնել այնպիսի իրավիճակի, որ անձի նկատմամբ բռնություն գործադրած ցանկացած պաշտոնատար անձ գիտակցի, որ նման ցանկացած վարքագիծ ենթակա է խիստ պատժի և պատասխանատվության: Պաշտոնատար անձինք պետք է գիտակցեն, որ խոշտանգման կամ այլ բռնության դեպքերը պետության իրավասու մարմիններն արարձագանք չեն թողնում: Այս համատեքստում պետք է հնարավորինս խթանել նաև խոշտանգումների դեպքերի նկատմամբ հանրային անհանդուրժողականությունը և համագործակցությունը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ:

  Նշածս խնդրի լուծմանը նպաստում է մեր երկրում առկա ինստիտուցիոնալ այն լուծումը, որը նախատեսում է հատուկ մասնագիտացվող քննչական մարմնի՝ Հատուկ քննչական ծառայության կողմից այդ գործերի քննության մեխանիզմ: Դրա հետ միասին, ինչպես պահանջում են եվրոպական չափանիշները, խոշտանգման բոլոր գործերի օրինականության նկատմամբ, պետք է իրականացվի դատախազական պատշաճ հսկողություն: Ընդ որում, պետք է խստորեն հաշվի առնել ենթադրյալ տուժողի շահերը:

   Այս համատեքստում առանձնակի կարևոր եմ համարում համապատասխան քննիչների, դատախազների և դատավորների համար վերապատրաստման դասընթացների կազմակերպումը, դատավարության այդ մասնակիցների համար համապատասխան ձեռնարկների պատրաստումը: Կարելի է նաև քննարկել համապատասխան խորհրդակցությունների իրականացումը միջազգային փորձագետների հետ՝ կապված խոշտանգումների դեմ պայքարի քաղաքականությունը միջազգային փորձին համահունչ տանելու հետ:

   Այս խնդիրների լուծմանը մեծապես կօգնի այսօր պաշտոնապես մեկնարկող՝  խոշտանգումների և, ընդհանրապես, վատ վերաբերմունքի կանխարգելմանն ուղղված այս ծրագիրը: Ես համոզված եմ, որ այն իր մեջ պարունակող միջոցառումների ծրագրի և առանձին գործողությունների իրականացման արդյունքում կստեղծվի արդյունավետ, միմյանց լրացնող համագործակցություն խոշտանգումների դեմ պայքարի համար պատասխանատու մարմինների միջև: Կարևոր եմ համարում, որպեսզի ծրագիրը հնարավորություն ընձեռի ռեալ արդյունքների հասնել հնարավորինս քիչ ռեսուրսներ գործադրելով:

   Այսպիսով, շնորհավորում եմ այս ծրագրի մեկնարկը: Հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ արդյունավետ համագործակցության դրական ավանդույթները՝ կարծում եմ ծրագիրը կարող է նպաստել մեր երկրում խոշտանգումների դեմ պայքարի կատարելագործմանը:

---------------------------------------------------------------

Աղբյուրը` http://prosecutor.am/am/news/6344/

Քրեական հետապնդումը պետք է թափանցիկ լինի ԶԼՄ-ների համար. Հայաստանի գլխավոր դատախազ

09.09.2013

Զանգվածային լրատվամիջոցների հետ փոխհարաբերությունների համակարգումը, դատախազության գործունեության նկատմամբ հանրային կարծիքի ձևավորումն ու վստահության ամրապնդումը պետք է լինի առաջնային խնդիր դատախազության համար։ Այս մասին Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 8-րդ լիագումար նիստի բացմանը նշեց ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է ձգտի ստեղծել ուժեղ դատախազություն, որն էլ կսահմանի օրենքի գերակայությունը երկրում։ «Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի  լիագումար նիստը Երևանում կազմակերպելը խորհրդանշական է՝ նկատի ունենալով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության ժամանակահատվածը։ Իր հիմնադրումից սկսած` 2005 թվականից, խորհուրդը մշակել և կարծիքներ է ներկայացրել դատախազության տարբեր մարմինների գործունեության հետ կապված։ Ժամանակակից մարտահրավերների դեմ պայքարում մեծ է ԵԴԽԽ-ի դերը։ Քննարկվող փաստաթուղթը պետք է ապահովի հավասարակշռությունը մի կողմից անաչառ և հրապարակային արդարադատության ապահովման, մյուս կողմից Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իրավունքները։ Մեզ համար կարևոր է զանգվածային լրատվամիջոցների հետ փոխհարաբերությունների համակարգված կարգավորումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Կոստանյանը։ 

ԵԽ-ի մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Ֆիլիպ Բոայան, շնորհավորելով Կոստանյանին Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվելու համար, հույս հայտնեց, որ ՀՀ-ի հետ արդյունավետ աշխատանք կիրականացնեն: «Մենք չենք կարող ունենալ օրենքի գերակայություն, եթե չունենք ուժեղ դատախազություն։ Ճանաչելով Հայաստանի նորանշանակ գլխավոր դատախազին` համոզված եմ, որ նա կկարողանա ստեղծել այն ուժեղ կառույցը, որը կլինի օրենքի գերակայության հիմնասյունը։ Համոզված եմ, որ Եվրոպական դատարանում նրա ձեռք բերած փորձը կներդրվի Հայաստանում»,-նշեց Բոայան։

Երևանում գումարված Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 8-րդ լիագումար նիստում քննարկվում է «Դատախազության և ԶԼՄ-ների փոխհարաբերությունները» թիվ 8 կարծիքի նախագիծը»։ Նախագծում նշվում է, որ «մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններն են անձի խոսքի, ազատության իրավունքի՝ ներառյալ տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու ստանալու և տարածելու ազատության իրականացումն օրենքով ապահովելու պահանջը, դատախազության գուրծունեությունը հրապարակային, թափանցիկ և արդյունավետ կազմակերպելու աշխատանքնային կառուցակարգերը։

Նիստին մասնակցելու համար Երևան են ժամանել Եվրոպայի Խորհրդի անդամ շուրջ 40 երկրների պատվիրակություններ, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարության ներկայացուցիչներ։ «Դատախազության և ԶԼՄ-ների փոխհարաբերությունները» թեմայով ԵԴԽԽ լիագումար նիստը կտևի երկու օր՝ հոկտեմբերի 8-9-ը։

ԵԴԽԽ-ն Երևանում գումարում է արդեն 2-րդ լիագումար նիստը։ Առաջին նիստը գումարվել է 2010 թվականի հոկտեմբերին՝ «Դատախազության և անչափահասների գործերով արդարադատությունը» թեմայով՝ արդյունքում ընդունելով ԵԴԽԽ 5-րդ կարծիքը՝ «Երևանի հռչակագիրը»։ Մինչ այժմ խորհրդի կողմից ընդունվել է 7 կարծիք։ 

---------------------------------------------------

Աղբյուր՝ http://www.coe.int/t/dghl/cooperation/ccpe/meetings/plenary/8reunion_oct2013/Revue_presse_CCPE_oct2013.asp#P21_396